ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

«ՀԺԱՄ-Ը «ՊԱՊԱ»-ՆԵՐ ՉՈՒՆԻ՛ ԵՎ ՉԻ՛ ԷԼ ՓՆՏՐՈՒՄ»

«ՀԺԱՄ-Ը «ՊԱՊԱ»-ՆԵՐ ՉՈՒՆԻ՛ ԵՎ ՉԻ՛ ԷԼ ՓՆՏՐՈՒՄ»
04.05.2010 | 00:00
«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է ՀԺԱՄ վարչության նախագահ, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն ՎԱՀՐԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ
-Պարոն Մկրտչյան, «որտե՞ղ» է այսօր ՀԺԱՄ-ը:
-ՀԺԱՄ-ն այսօր գտնվում է կենտրոնամետ դիրքերում, պետությանը սատարող ուժ է, անաչառ նայում է իշխանությունների գործունեությանը, եթե սխալներ կան, քննադատում է, եթե ոչ...
-Ներեցեք, ե՞րբ եք վերջին անգամ իշխանությանը քննադատել:
-Տեղական մի շարք, այդ թվում և` անմշակ հողերի, հարկերին առնչվող ԱԺ ներկայացված օրինագծին էր այդ քննադատությունը վերաբերում. նախագիծն ԱԺ էր ներկայացրել կառավարությունը:
-Քննադատությունը վերաբերում էր ԱԺ-ի՞ն, թե՞ կառավարությանը:
-Մեզ համար անընդունելի էր օրինագիծն ընդհանրապես, հետևաբար, մեր քննադատությունն ուղղված էր և՛ այն ներկայացնողներին, և՛ այն պաշտպանողներին: Հիշենք, որ օրինագիծը կառավարությունը հետ վերցրեց: Դրանից առաջ էլ ՀԺԱՄ-ն իր մոտեցումն էր արտահայտել հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ, քննադատել արձանագրությունների ընդհանուր ոգին:
-Իսկ առավել կոնկրե՞տ:
-Առավել կոնկրետ մենք կարծում էինք, որ արձանագրություններում ոչ ուղղակիորեն, սակայն դրված էր Կարսի պայմանագրի ճանաչման խնդիրը, ինչին դեմ էինք: Արձանագրություններում, ըստ մեզ, առկա էր սահմանների փոխադարձ ճանաչման հարցը: Կար նաև ցեղասպանությունից հրաժարման նախապայման` ըստ մեզ:
-Դուք ընդդիմադի՞ր քաղաքական ուժ եք, պարոն Մկրտչյան:
-Ո՛չ, ես արդեն ասացի` մենք գործում ենք կենտրոնամետ դաշտում:
-Ազգայնակա՞ն եք:
-Ոչ, լիբերալ-կենտրոնամետ:
-Քիչ առաջ հնչեցրած Ձեր առարկությունները` արձանագրություններին առնչվող, շատ նման էին դաշնակցական մոտեցումներին:
-Կարծում եմ` ազգային հարցերի նկատմամբ տարբեր կուսակցություններ կարող են նույն մոտեցումն ունենալ: Ընդ որում, երբ ՀԺԱՄ-ը մատնանշում ու արձանագրում էր արձանագրություններում ինչ-ինչ նախապայ-մանների հնարավոր առկայությունը, շատերը մեզ հետ համաձայն չէին, սակայն կայացավ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը, և պարզվեց, որ մեր դիտարկումներն առավել քան տեղին էին. ՍԴ-ն իր պրեամբուլայում արձանագրեց այն, ինչ խնդրո առնչությամբ մեր հայտարարությունում կար: Ապա դրան հաջորդած նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը` ԱԺ նիստերից արձանագրությունները հետ կանչելուն առնչվող, նույնպես գալիս էր ապացուցելու, որ մեր դիրքորոշումը ճիշտ էր:
-Ի դեպ, ասում են` դուք տեղերում ՀԺԱՄ կառույցներն ուժեղացնում եք, ինչո՞ւ:
-Ցանկացած քաղաքական ուժ խորհրդարանական ընտրություններից առաջ փորձում է ամրացնել իր կառույցները:
-Որոշել եք այս անգամ մասնակցե՞լ:
-Որոշել ենք:
-ՈՒ թե ելնենք քիչ առաջ Ձեր ասած մտքից, այն է` 2007-ին ՀԺԱՄ-ը չմասնակցեց ընտրություններին, որովհետև շանսերը փոքր էին, կային նաև ֆինանսական խնդիրներ, ապա հիմա պետք է կարծել, որ շանսերը մեծացել են, իսկ ձեր ֆինանսներն այլևս «не поют романсы» (ինչպես կասեր հայտնի «ռոմանսագետը»):
-Կառույցներն ամրապնդվում են ներքին ռեսուրսների հաշվին: Ասենք այսպես` ընտրություններից առաջ ընդամենը ռեսուրսային «գույքագրում» է ընթանում: Ընդ որում, դրանք առանձնապես մեծ ծախսեր չեն. գրասենյակներն ենք հաշվառում, կարգի բերում, կուսակցականների հետ աշխատանքներ տանում: Ընդ որում, մեզ համար խիստ անընդունելի է զանգվածային անդամագրման տենդենցը։ Մենք նախընտրում ենք փոքր գաղափարակիր թիմերի հետ աշխատանքը և առաջնորդվում ենք նրանց խմորիչ դարձնելու սկզբունքով. սա է կարևորը մեզ համար։ Հայ քաղաքական իրականությունում վաղուց է հասունացել նոր գաղափարական թևերի ի հայտ գալու անհրաժեշտությունը: Լիբերալ, ձախակողմյան, աջակողմյան, սոցիալիստական գաղափարները մի տեսակ քարացած դոգմայի են վերածվել: ՀԺԱՄ-ը կարծում է, որ քաղաքական-հասարակական մտածողության մեջ պետք է որակական փոփոխություն կատարել: Այն արժեքները, որոնցով այսօր առաջնորդվում է հայ քաղաքական միտքը, մրցակցային չեն համաշխարհային քաղաքակրթական մակարդակում լուրջ տեղ զբաղեցնելու համար: Այդ պատճառով ՀԺԱՄ-ն առաջարկում է հասարակական-քաղաքական նոր հարաբերությունների հիմքեր դնել: Խոսքը համագործակցային հասարակության մասին է, որը, ինչպես գիտեք, իրական զարգացում ապահովող մոդել է: Այսօր մեզանում գործում է անկախ գոյակցության մոդելը. ես ինձ համար եմ ապրում, դուք` ձեզ, մնացածն` իրենց: Իսկ համագործակցային հասարակությունում գերակայությունները բոլորովին այլ են: Ընդ որում, անհատների «ավելցուկ» ունեցող հասարակության համար, ինչպիսին մերն է, այն խիստ ռացիոնալ ուղղություն կարող է լինել:
-Ահա և` այդ «մոդելի» հետ (խոսակցություններ կան) սերտ առնչություններ ունեն ոչ անհայտ գործարար Բարսեղ Բեգլարյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի՞նչ «առնչություններ» են դրանք:
-Այ, եթե Դուք կոնկրետացնեք` նրանք «սերտ առնչություն ունեն» ՀԺԱ՞Մ-ի, թե՞ «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հետ, ապա հարցն ինքնին կկոնկրետանա, որովհետև, եթե Վահրամ Մկրտչյան-քաղաքացին պաշտոնավարում է «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամում, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը Բարսեղ Բեգլարյանն է, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամը` վարչապետ Տիգրան Սարգսյանը, զուգահեռաբար էլ նույն Վահրամ Մկրտչյանը ՀԺԱՄ վարչության նախագահն է, ստացվում է տպավորություն, նախ, որ դրանք նույն կառույցներն են և ղեկավարվում են նույն մարդկանց կողմից: Իսկ իրականում ՀԺԱՄ-ն այնքանով է հարաբերվում Ձեր նշած երկու անձանց հետ, որքանով երկրի վարչապետը Տիգրան Սարգսյանն է, իսկ երկրի խոշոր գործարարներից մեկն էլ Բարսեղ Բեգլարյանն է:
-Որպեսզի այդ տպավորությունը վերանա, վերացրեք Ձեր «անձի երկվությունը»:
-Ի՞նչ է` ազատվե՞մ աշխատանքից: Եթե այսօր որևէ կուսակցական աշխատում է որևէ պետական կամ ոչ պետական կառույցում, պետք է թողնի այդ աշխատանքը և զբաղվի լոկ կուսակցական գործունեությա՞մբ: Ես եղել եմ ՀԺԱՄ-ի հիմնադիրներից: «Բարեպաշտ սերունդն» էլ երիտասարդական, նոր գաղափարներ կրող, ազատ մտածողության, բարեպաշտ արժեհակարգի կողմնակից, ինձ շատ հոգեհարազատ կառույց է: Հո չե՞մ կարող հանուն «ասոցիացիաների» հրաժարվել իմ աշխատանքից: Եվ հետո, ես արդեն «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն էի, երբ դարձա ՀԺԱՄ վարչության նախագահ, այնպես որ դրանք միմյանց հետ կապ չունեցող գործընթացներ են:
-Շատ հստակ ֆիքսենք ու անցնենք առաջ, այսինքն` ՀԺԱՄ-ի «պապան» Բարսեղ Բեգլարյանը չէ: Չէ՞:
-Կներեք, ինձ համար անընդունելի է այդ եզրույթն ընդհանրապես: Ինչ վերաբերում է ՀԺԱՄ-ին, ապա այն անկախ մարդկանց կամքի վրա հիմնված կառույց է: Ընդամենը: Չունի և չի՛ փնտրում, Ձեր իսկ բնութագրմամբ, «պապա»-ներ։ Իր առջև էլ նորացման խնդիր է դրել: Չնայած կարծում եմ, որ Հայաստանն այսօր մի այլ` նոր ու որակապես տարբեր քաղաքական ուժի, եթե կուզեք` ուղղության, կարիքն ունի, և սա միայն մենք չէ, որ փաստում ենք, այլ իրերի ընթացքն է այդ այլընտրանքը, իսկ եթե առավել ճշգրիտ` հրամայականն առաջ քաշում:
-ՀԺԱՄ-ին նոր բովանդակություն է հաղորդվում, պատկերավոր ասած` դա «ա՞յն է, որ պետք է գա, ու որի քուղերը ապագա էլիտան պետք է կապի»։ Լավ-լավ, ձևակերպեմ քաղաքականապես գրագետ. այդ դո՞ւք եք նոր ուժը, որի մասին նույնպես շատ է խոսվում, որի հետ առնչություն կունենան Բարսեղ Բեգլարյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե՞ դա մի ուրիշ կուսակցություն է լինելու: Լուսավորեք բոլորիս, վերջապես, պարոն Մկրտչյան:
- Կարծում եմ, Տ. Սարգսյանի մասով հարցը կոռեկտ չէ, նա իր ընտրությունն արել է և ՀՀԿ խորհրդի անդամ է: Ինչ վերաբերում է նոր կուսակցությանը, ապա ես, որպես անձ, որպես քաղաքացի, որպես քաղաքական ուժի ղեկավար-ներկայացուցիչ, իսկապես անհրաժեշտ եմ համարում, որ Հայաստանում պետք է կուսակցությունները խոշորանան, ոչ թե լինեն մեկ անձի կուսակցություններ և գործեն որակապես այլ հարաբերությունների վրա: Հակառակ դեպքում կստեղծվեն այդ նոր կուսակցությունները և քաղաքական դաշտից կավլեն հներին:
-«Քաղաքացի և անձ» պարոն Մկրտչյան, դա ՀԺԱ՞Մ-ն է:
-Լրագրող տիկին Դավթյան, այսօր ՀԺԱՄ-ն էլ այդ պարամետրերին չի համապատասխանում. այն պետք է լինի որակապես նոր` գործակցային հարաբերությունների վրա հիմնված քաղաքական ուժ:
-Բարսեղ Բեգլարյանը «կկապվի՞» այդ կուսակցության հետ:
-Ես ասում եմ, որ այդպիսի կուսակցության կարիքը կա, ես չեմ ասում, թե այն ստեղծվում է: Իսկ ինչ վերաբերում է որևէ կուսակցության Բեգլարյանի անդամակցելուն, ճանաչելով նրան` կարող եմ ասել, որ իրեն ավելի շատ հետաքրքրում են հասարակական լայն գործընթացները, հարցեր, որոնք կապված են հայ հասարակության որակի բարձրացման, մտածողության փոփոխության, երիտասարդության շրջանում գիտելիքի ու կրթության արժևորման հետ, երիտասարդություն, որը լինի բարեպաշտ արժեհամակարգի և ազգային արժեքների կրողը (ի դեպ, այս հարցերի լուծմանն իր նպաստն է բերում նաև «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը), և անդամակցել որևէ կուսակցության նշանակում է որոշ առումով սահմանափակվել: Բեգլարյանը շատ կուսակցությունների հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, և չեմ կարծում, թե որևէ մեկին կանդամակցի, նույնիսկ նոր ստեղծվողին: Ավելի ստույգ հարցրեք իրեն:
-Ամփոփենք այս ողջ ընթացքում իրականացրած մեր «հետախուզությունը». այսպիսով` ՀԺԱՄ-ը տեղերում ուժեղացնում է իր կառույցները, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամը «նոր և բարեպաշտ» գաղափարներ ու երիտասարդներ է հավաքում ու առաջ քաշում, խոսվում է ինչ-որ նոր որակի կուսակցության մասին, ահա և սկսվել է «Հանուն հայության հարատևման» շարժումը։ Ի դեպ, սա ի՞նչ շարժում է: Այն, փաստեմ, որ էլի կապվում է նույն անունների հետ:
-Հայաստանում նախաձեռնվել է «Հանուն հայության հարատևման» շարժումը։ Այն պետք է ծառայի նոր որակի հասարակության ստեղծման գերխնդրին: Կարող եմ ասել լոկ մեր մասով. ՀԺԱՄ-ը շարժման հետ առնչություն ունի այնքանով, որքանով մեր կուսակցությունն անդամակցում է այդ կառույցին:
-Ովքե՞ր են կանգնած այդ շարժման ակունքներում:
-Մի խումբ մարդիկ, կազմակերպություններ` «Մանկավարժական նախաձեռնություն հայկական ասոցիացիա» ՀԿ-ն, «Բարեպաշտ սերունդը», ՀԺԱՄ-ը, Մտագործնական համակարգերի զարգացման մեթոդաբանական կենտրոնը, «Ֆլեշ» ընկերությունը։ Վերջերս մեզ է միացել նաև գյուղատնտեսական ասոցիացիաների ֆեդերացիան (ԳԱՖ): Եվ դա շարժում է, որը ղեկավար մարմին չունի: Այսինքն` տարբեր կառույցներ, իրավաբանական անձինք, կազմակերպություններ միացել են մեկ շարժման մեջ և իրենց առջև հասարակությունում նոր մտածողության, նորովի զարգացման ու գործունեության խնդիր են դրել: Այսինքն` մենք ոչ թե պետք է նորամուծությամբ զբաղվենք, այն է` արևմտյան արժեքներ ներմուծենք` ժողովրդավարություն և այլն, այլ ինքներս պետք է ստեղծենք քաղաքակրթական արժեքներ, ինչի պոտենցիալը մեր ժողովուրդն ունի: Այս պահին մենք` շարժման ակտիվը, զբաղվում ենք գաղափարախոսական նոր տեխնոլոգիաների մշակման հարցերով:
-Ասել է` մի քանի ֆլանգով մտնում եք հասարակական «նոր» կյանք: Իսկ իրականում` քաղաքական կյանք` «դեպ ընտրություններ» ենթատեքստով: Ճի՞շտ եմ հասկանում:
-Շարժումն ինքնին հասարակական և ոչ քաղաքական նպատակներ հետապնդող կառույց է: Գերխնդիրը հանրության մեջ մտածողության փոփոխությունն է: Այդ գործի մեջ կլինի երկրի նախագահ, կլինեն կոալիցիոն, արտախորհրդարանական ուժեր, ընդդիմություն, եթե կկիսեն շարժման սկզբունքներն ու գաղափարները, դռները միշտ բաց են նրանց առաջ, չկան սահմափակումներ, բոլորը կարող են մաս կազմել: Ասեմ առավել պատկերավոր. սա մի գետ է, որն իր համար գնում է, և տարբեր վտակներ կարող են գալ-լցվել-միանալ նրան` փոփոխելու հասարակության հունն ու որակը:
-ՈՒ չկա քաղաքականություն և ո՜չ մի տեղ, ու ո՜չ մի բանում:
-Ամեն ինչի մեջ կա քաղաքականություն: Մեր ողջ կյանքը քաղաքականության գերավելցուկից հագեցած է: Սակայն այս շարժումը չի հետապնդում քաղաքական նպատակ: Չի փորձելու դառնալ քաղաքական ուժ, որ հետո էլ մասնակցի խորհրդարանական ընտրություններին։ Շարժման նպատակը առավել հեռահար ու ռազմավարական է` միտված հայության, այո, հայկական աշխարհի զարգացմանը:
Զրուցեց Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 1474

Մեկնաբանություններ